Արարատ Միրզոյան, Ձեր հրաժարումը փարիսեցիություն է
24.03.2020 | 00:17
Ես բնավ չեմ փորձում հակահեղափոխական դիրք ընդունել և այսպես կոչված հակահեղափոխականներին նոր կառավարությանն ու ԱԺ-ին քննադատելու նյութ տալ:
Ես եղել եմ անցած ռեժիմի սուր և անզիջում քննադատողներից՝ հանուն մեր Հայրենիք-պետության և մեր ժողովրդի խաղաղ, արժանապատիվ և ապահով ապրելու: Ես քննադատել եմ հեղափոխության առաջին իսկ օրերից նոր ստեղծվող և ստեղծված կառավարությանը՝ նույն մտահոգությամբ: Ես ուզում եմ և հեղափոխության օրերին ոտքի կանգնած մեր ժողովրդի մեծ մասը՝ մեր ժողովուրդը, ես էլ նրա հետ, տերը լինենք հեղափոխության հաղթանակին ու նրա բերած դրական արդյունքներին: Սա որպես նախաբան: Հիմա՝ ըստ էության:
ՈՒրեմն այսպես, պարո՛ն Արարատ Միրզոյան, Ձեր նախաձեռնությունը՝ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորների պարգևավճարներից հրաժարվելու և կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին փոխանցելը փարիսեցիություն է... Եթե հակառակ կարծիքի եք, հրաժարվե՛ք ձեր՝ գոնե այդ մեկ ամսվա աշխատավարձից, որը նույնքան մեծ գումար կկազմի:
Սկսենք այն բանից, թե ինչու պիտի պաշտոնյաներն ամեն ամիս պարգևավճար ստանան. նրանց աշխատավարձն այնքան բարձր է, որ նրանք դրամական օժանդակության կարիք չունեն: Մենք հեղափոխություն ենք արել, որ ստորացված ու աղքատացած մեր ժողովուրդը հետ բերի մեր երկրից ու մեզանից թալանվածը և ստանա արժանապատիվ աշխատավարձ, կրթաթոշակ և կենսաթոշակ, այլ ոչ թե հեղափոխական համարվող կառավարության, ԱԺ-ի և մյուս գերատեսչությունների պաշտոնյաները ամեն ամիս միլիոնների հասնող դրամական պարգևատրումներ ստանան. սա հակասում է մեր հեղափոխության նպատակին և տրամաբանությանը:
Նախ՝ պարգևավճար տրվում է ըստ էության այն աշխատողին՝ բանվոր, գիտնական, բժիշկ կամ պաշտոնյա, որն իր աշխատանքային ժամերից և պարտականություններից դուրս հանրօգուտ մեծ գործ է արել... Ի դեպ, այս օրերին բարձր պարգևավճարի են արժանի մեր հանրապետության բժիշկները, որոնք աշխատում են ամենաիրական արտակարգ իրավիճակի պայմաններում։
Երկրորդ՝ հանրապետության բյուջեում եթե կա պարգևավճարի հաշվապահական տող, ապա դա պետք է վերագրվի մեր զինվորականներին՝ սպայական և պայմանագրային անձնակազմին, որոնք կյանքի գնով մեր սահմանն են պահում և պաշտպանում ձմռան ցրտին ու բքին, ամռան տապին, գարնան ու աշնան անձրևին ու կարկուտին, որոտի ու կայծակի ժամանակ, և շատերը վարձով են ապրում:
Ո՞րն է ձեր՝ ԱԺ պատգամավորներիդ աշխատանքի ՕԳԳ-ն՝ օգտակար գործողության գործակիցը, որ դուք ինքներդ ձեզ պարգևատրում եք։ Ինչ հանճարեղ է ասել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Հրանտ Մաթևոսյանը՝ Իշխանի (Մհեր Մկրտչյան) շուրթերով.
-Լա՛վ եմ արել, ես ինձ պարգևատրել եմ:
Այ, նրանց պարգևատրում հասնում էր, բայց այն ժամանակվա իշխանությունները երևի դարձյալ իրենք իրենց էին պարգևատրում։
Հարգելի՛ վարչապետ, ԱԺ նախագահ, հեղափոխության հաղթանակից հետո չգործեցին հեղափոխության կտրուկ օրենքները, որը հետհեղափոխական անկայունություն ստեղծեց քաղաքական և դատական համակարգերում: Այս իրավիճակը շատ փխրուն է, դրան ավելացավ նաև համաճարակի պատճառով սկսվող տնտեսական հավանական անկումը… Մենք պետք է ամեն մի լուման օգտագործենք նպատակաուղղված և տնտեսական օգուտի սկզբունքով, իսկ եթե կարողանանք կանխել հսկայական վնասների գոնե մի մասը, դա էլ օգուտ կլինի։ Միայն թե չհակադարձեք, թե պարգևավճարների դրամական գումարը էական նշանակություն չի ունենա։ ՈՒնեցել է և կունենա:
Առայժմ այսքանը, թերևս: Հուսամ՝ խոսքս և հորդորս կհասնեն կառավարության ղեկավարին ու Ազգային ժողովի նախագահին:
Հավատում եմ առաջ քաշածս խնդրի կարևորության ՁԵՐ ըմբռնումին:
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ